Բանդերլոգների աշխարհում դհոլների դեմ պայքարը, ըստ Քիփլինգի

Ընտրապայքարի ընթացքում առաջնորդի կերպարը հետաքրքիր դարձնելուն ուղղված՝ ի՞նչ կանի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Դե, տեսնում ենք․ ուրիշները թմբուկ են խփում, համերգներ են տալիս, տարբեր էքստրավագանտ բաներ են անում, խոսում են չինարեն։ Քոչարյանը՝ չէ, մտադրություն չունի նոր հմտություններ ցուցադրելու։ Ասաց՝ կապիկություն հաստատ չեմ անելու։ Եվ, իհարկե, ընտրողը անընդհատ կլինի սառը-տաք ցնցուղի տակ։

Սառը ցնցուղը կապահովեն նրանք, ովքեր որոշել են երգել, պարել, թմբկահարել ու սրտիկել՝ էմոցիոնալ լիցք հաղորդելով ընտրապայքարին։ Նրանք ցանկանում են ապացուցել, որ բաց են եւ մաքուր, անկեղծ են․ իրենց թերություններով ու թուլություններով հանդերձ, կարող են կանգնել ընտրողի առաջ եւ ինքնաբուխ երգել, կարծես՝ երգել գիտեն, կարող են նվագել, կարծես՝ լավ են նվագում։ Նրանց նպատակն է զվարճացնել ընտրողին ու հաղորդել թեթեւ եւ անբռնազբոս տրամադրություն՝ ցավից ու դարդից անդին, կորուստներն ու ձախողումները՝ մոռացած, ապագայի հանդեպ մեծ հույսով ու հավատով։

Իսկ ընդդիմադիրները, թերեւս, տաք ցնցուղ են լինելու՝ ընտրապայքարում հանդես գալով ռացիոնալ, ո՛չ էմոցիոնալ, ո՛չ էլ պոպուլիստի կերպարով։ Այսպես կստացվի, որ մրցակիցները պայքարում են տարբեր հարթությունների վրա, եւ ընտրողը շիվարած կհետեւի նրանց՝ մե՛կ կհիշի աղետալի կետին հասած հայրենիքը, մե՛կ կլսի այդ ճանապարհը հարթողների համերգները։

Բոլոր համընկնումները պատահական են․․․ «Բանդերլոգ կապիկների քաղաքը» խիտ անտառով տարանջատված է մարդկանց բնակավայրից, նրանք գրեթե չեն հանդիպում, եւ միակ արարածը, որ կապ հաստատեց այդ երկու տարածքների միջեւ, Մաուգլին էր։ Այսինքն՝ նա, ով կկարողանա դուր գալ այս երկու հարթություններին հետեւող տարակուսած ընտրողին, որոշակիորեն պետք է նման լինի․․․ այո, Մաուգլիին։ Նա պետք է լինի նրա պես ազնիվ, անշահախնդիր եւ համարձակ, նույնքան էլ՝ արդարամիտ։ Նա պետք է լինի «մարդու զավակ»-ը, որ, թերեւս, բանդերլոգների այդ աշխարհում գոյատեւել է՝ առանց փչանալու, ապրել է բանդերլոգների մեջ, բայց չի դարձել կապիկ՝ մնացել է մարդ, գայլերի մեջ չի վերածվել գայլի, չի վերածվել արջի, չի դարձել թունոտ, ինչպես օձը, մնացել է մարդու զավակ, որն անգամ արյան կանչով ունի իր մարդկային էության հիշողությունը։

Ո՞վ կլինի այդպիսին ընդդիմադիրներից։ Բնականաբար, որեւէ մեկի վրա հույս դնել չենք կարողանալու։ Ընդդիմադիր դաշտը, թերեւս, չի հասցնի ձեւավորել այն մեկ ուժեղ առաջնորդին, որին կհասկանա ընտրողը, որին ոչնչում չի մեղադրի, կվստահի։ Ուրեմն, կարող է հաղթել հավաքական ընդդիմադիր կերպարը։ Պետք է հաղթի թիմը, որն իր մեջ ամփոփում է բոլոր այն հատկությունները, որոնք հույս են ներշնչում, որ կարող են արդարացնել ընտրողի ակնկալիքները։ Մեկ խարիզմատիկ առաջնորդ ունենալը հաղթանակի համար գուցե ավելի լավ երաշխիք է, բայց ոչ այն իրավիճակում, որում հայտնվել է Հայաստանը։

Եվ հիշենք Քիփլինգի այս ամբողջ պատմության հիմնական միտքը․ ջունգլիներում դհոլները՝ կարմիր շները, հարձակվում են անտառի բոլոր բնակիչների վրա (Քիփլինգ, The Jungle Book, «Red Dog»)․ “They are the dholes, the red dogs of the Deccan.” Եվ այսպես, մեծ պայքար է սպասվում, եւ անհայտ է ելքը։ Բայց «դհոլներ» կոչվող վայրի շները հաջողությամբ հետ են շպրտվում, քանի որ նրանց դեմ կարողանում են միավորվել անտառի ուժեղները, իմաստունները եւ հավատարիմները՝ հանուն մեծ պայքարի։ Միավորված՝ դա կլինի «փառահեղ որս», որոշում են նրանք։ Այս փորձառությունն ու հաղթանակը ցույց են տալիս, թե որքան կարեւոր է թիմային աշխատանքը ամենավտանգավոր իրավիճակներում։ Բոլորը գիտեն այս պատմությունը դեռ մանկուց, բայց մեծանալով՝ մոռանում են փառահեղ հեքիաթները, որոնք հեքիաթ չեն իրականում, այլ հուշումներ են՝ այլաբանական ճանապարհային քարտեզ, թե ինչպես է միավորված միտքը հաղթահարում ցանկացած փորձություն։ Դե ինչ, ընդդիմությունն ընդունո՞ւմ է մարտը, թե՞ որոշել են ամենատարբեր դհոլների դեմ պայքարել պառակտված՝ հայտնի կդառնա արդեն շուտով։