Գյումրիի սցենարով դաշինքներ կազմելու հնարավորություն կլինի․ Արշակ Աբրահամյան

Իմ վերլուծության համաձայն՝ Հայաստանի համար լավագույն լուծումը ներկայիս իրավիճակը շտկելու համար կլինի վերադարձ նախագահական կառավարման մոդելի։ Այս տեսակետը ես արտահայտում եմ՝ վերլուծելով այն իրողությունը, որ իշխանությունը, որպեսզի իր քմահաճույքով շարժվի բոլոր պետական հիմնարկներով, ներառյալ դատական համակարգը, իրեն իրավունք է տվել լծակներ տալ։

Ըստ նախկին սահմանադրության՝ երկրի ղեկավարի պաշտոնը մեկ անձը չէր կարող զբաղեցնել երկու անգամից ավելի։ Սակայն այսօր ականատես ենք լինում, թե ինչպես է իշխանությունը անխոչընդոտ գնում դեպի երրորդ ժամկետի վերընտրում։

Ամենայն հարգանքով՝ պետք է հստակ արձանագրել, որ վարչապետական կառավարման մոդելը, որը փոխակերպվեց նորանկախ Հայաստանում, իրեն չարդարացրեց։ Իմ կարծիքով՝ երկիրը խորհրդարանական կառավարման մոդելի և վարչապետի ինստիտուտի փոխակերպումը համարում եմ նորանկախ Հայաստանի մեծագույն սխալներից մեկը։ Հայաստանը այն երկիրը չէր, որպեսզի նման մոդելով կարողանար արդյունավետ գործունեություն ծավալել։

Առաջիկա ընտրություններին հաջողության հասնելու համար ամենաառաջնային պայմանը հասարակության լայն մասնակցությունն է։ Ընտրության չգնալով՝ մարդիկ իրենց ոչ թե անմեղ, այլ ակտիվորեն վնաս են հասցնում։ Ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների մասնակցության բարձր ցուցանիշի պարագայում աճելու է նաև ընդդիմադիր ուժերի հավաքած ձայների տոկոսները։ Այդ ամենը, իր հերթին, կստեղծի հնարավորություն մանևրելու և, ըստ անհրաժեշտության, Գյումրիի սցենարով դաշինքներ կազմելու։

Այսպիսով, եթե ամեն ինչ բարեհաջող ավարտ ունենա, և Ազգային Ժողովում պետականամետ ուժերը կլինեն մեծամասնություն, կարող ենք այս հարցը բերել օրակարգ և մեկնարկել հանրային լայն շրջանակների հետ կոնսուլտացիաների ու քննարկումների գործընթաց։ Սա կդառնա հնարավոր, եթե իշխանությունից դժգոհ քաղաքացիները ցուցաբերեն իրական ակտիվություն։ Ինչևէ, եթե նրանք շարունակեն նստել տներում, չգնան ընտրության, մտածելով, որ «մեկ ա բան չենք կարա փոխենք», և շարունակեն միայն ֆեյսբուքում ստատուս գրելով բողոքել, ոչինչ էլ չի փոխվի։