Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը կտրականապես հերքում է հայկական լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությունները, թե ԵՄ ֆինանսական օգնությունը Հայաստանին հետաձգվում է։ Այս մասին ասվում է պատվիրակության կողմից NEWS.am-ի հարցմանը տրված պաշտոնական պատասխանում։
Հարցումը հայտնվել էր այն բանից հետո, որ «Հրապարակ» թերթը հրապարակել էր տեղեկություն, թե ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը ապրիլի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ խորհրդարանական ընտրություններից առաջ «ապատեղեկատվության եւ արտաքին ազդեցության դեմ պայքարի» համար նախատեսված 50 միլիոն եվրոյի օժանդակության տրամադրումը հետաձգվում է։
NEWS.am-ի հարցմանը պատասխանելով ԵՄ պատվիրակությունը վստահեցրել է, որ նման հարց քննարկվելու դեպք չի եղել։ «Կցանկանայինք կտրականապես հերքել նման մեղադրանքները։ Հայաստանի համար նախատեսված ԵՄ օգնության որևէ ուշացում կամ վերաբաշխում չի եղել։ Ընդհակառակը, մենք ամրապնդում ենք մեր համագործակցությունը»,– ասվում է պատասխանում։
Պատվիրակությունը հաստատումը հիմնավորել է Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի մարտ ամսին կատարած այցով։ Նրա այցի ընթացքում ստորագրվել էր Հայաստանի համար ԵՄ 270 մլն եվրո արժողությամբ «Դիմակայունության և աճի ծրագրի» երկրորդ փուլը։
Բացի այդ, ԵՄ-ն նշել է, որ ընթացքի մեջ են նաև այլ ներդրումային նախագծեր՝ մասնավոր հատվածի, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների ոլորտներում։
Մայիսի 5-ին Երևանում կայանալիք ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանն առնչվող հարցեր՝ էներգետիկայի, տրանսպորտի, թվային տեխնոլոգիաների կապակցվածության և մարդկանց միջև շփումների ոլորտներում։