Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը անդրադառնալով մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրներին, նշեց, որ հունվարի 23-ի ձյունը, որն սկսվել էր առավոտյան 11:20-ին, ինտենսիվ էր և շարունակվել մինչև երեկոյան 21:00-ը։ Նա հավելեց, որ ամսի 20-ի տեղումները թույլ էին եղել։
Ըստ Կամո Արեյանի՝ այդ երկու օրերի ընթացքում ընդհանուր առմամբ մոբիլիզացվել է 137 միավոր տեխնիկա, որոնք աշխատել են 650 բանվորական ուժի կողմից։ Ձնամաքրման մեքենաները վարչական շրջաններում տեղակայված էին և աշխատանքներն սկսել են ժամը 12-ի մոտ՝ աղ ու ավազ ցանելով։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև խցանումների առաջացման պատճառները։ Կամո Արեյանը նշեց, որ հունվարի 23-ին խցանումներ առաջացել են մայրաքաղաքի գրեթե ամբողջ տարածքում, սակայն ամենախիստ կանգը և խցանումները գրանցվել են Կենտրոն վարչական շրջանում։
Նա բացատրեց, որ տեխնիկայի ուշ մուտքի պատճառը եղել է երթեւեկության ինտենսիվությունը։ «ԵԱՍՄ-ի մեքենաները չեն կարողացել մտնել երթուղիներ»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ դեպքում ստիպված են դիմել պարեկային ծառայությանը՝ ճանապարհը բացելու համար։
Կամո Արեյանը ներկայացրեց նաև մայրաքաղաքի ճանապարհային ցանցի և մաքրվող տարածքների մասին տվյալներ՝ ցանկալով ցույց տալ աշխատանքների մասշտաբը։ Ըստ նրա՝ Երևանի ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 1204 կմ, որոնցից 15 մլն քառակուսի մետրը մաքրվում է մեքենա-մեխանիզմների միջոցով, իսկ 8,6 մլն քառակուսի մետրը՝ ձեռքով մաքրվող բակային տարածքներն են։ Նա նշեց, որ այս պատճառով բոլոր փողոցները միաժամանակ մաքրելը տեխնիկապես անհնարին է։
«Սյո կենտրոն չկարողացանք մեքենաներով մտնել, ստիպված պարեկային ծառայությանը դիմեցինք, բայց ասել, որ որևէ տարածք չի մաքրվել, չի համապատասխանում իրականությանը»,- եզրափակեց Կամո Արեյանը։