Ի տարբերություն մեզ, Իսրայելն իր ազգային շահերով առաջնորդվող պրագմատիկ պետություն է, որը կարող է մեկ օրվա մեջ բարեկամություն սկսել, իսկ մյուս օրը՝ թշնամանալ։ Կան պետություններ, որոնց համար թիվ մեկ խնդիրն իրենց պետության անվտանգությունն է, և որոնք խաղաղության մասին հեքիաթներին չեն հավատում, այլ հստակ գիտեն՝ որտեղ են իրենց կարմիր գծերը։
Այս կարծիքը ես հայտարարեցի «Պրեսսինգ» հաղորդաշարում՝ վերլուծելով Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի վերջին հարցազրույցի տրամաբանությունը։
Իսրայելի փորձը, ըստ Սաարի, ցույց է տվել, որ պաղեստինցիներին տարածքային զիջումներ անելը, ինչպիսիք են Օսլոյի համաձայնագիրը և Պաղեստինի ինքնավարության ստեղծումը, ոչ թե խաղաղությանը չեն մոտեցրել, այլ՝ վատթարացրել են երկրի անվտանգային իրավիճակը։ Իսրայելի փորձի բանաձևը հետևյալն է․ «Եթե ուզում ես ապրել խաղաղ, միշտ պատրաստ եղիր պատերազմի»։
Այս համատեքստում ես անդրադարձա նաև ներկայիս քաղաքական իրավիճակի։ Իմ խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խոնարհաբար կատարում է Ալիևի բոլոր հրահանգները, իսկ իշխանության պահպանման համար առաջնորդը հիմա խաբում է ժողովրդին՝ խաղաղության մասին հավաստիացումներ տալով՝ նպատակ ունենալով հունիսի 7-ին քվե ստանալ։
«Փաշինյանը հանուն իշխանության պատրաստ է ամեն ինչի՝ խաբել իր ժողովրդին, նրան անցկացնել ամենատարբեր ռիսկերի միջով։ Խաղաղության մասին հիմա խաբում է, որ հունիսի 7-ին քվե ստանա։ Մեր ժողովրդի ականջին հաճո բաներ է ասում, կարելի է մեր միամիտ ժողովրդին նույն հարցում մի 5 անգամ խաբել»,- նշեցի ես։