Իրավապաշտպան, «Հոգեբանների և իրավաբանների» ասոցիացիայի հիմնադիր նախագահ Խաչատուր Մարոզյանը 168.am-ի հետ զրույցում խիստ քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին քայլերը, որոնք նա նախընտրական քարոզարշավի ձևաչափով է իրականացնում։
Ըստ իրավապաշտպանի՝ այս ամենը ցինիզմի ցուցադրություն է ժողովրդի նկատմամբ։ Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի գործողությունները, դիտարկելով երկրի ներկայիս իրավիճակը և ժողովրդի վիճակը, պետք է որակվեն որպես «հանցավոր անգործություն»։
«Եթե նայում ենք այսօրվա մեր երկրի առաջնային խնդիրներին, մեր ժողովրդի վիճակին և Նիկոլ Փաշինյանի քայլերին՝ դա հանցավոր անգործություն է։ Այդ մարդը ցուցադրաբար ցինիզմ է ցուցաբերում մեր ժողովրդի նկատմամբ, ակնհայտ ձեռք է առնում սեփական ժողովրդին»,- նշեց նա։
Խաչատուր Մարոզյանի կարծիքով՝ իշխանությունը հաշվարկված քայլեր է փորձում անել՝ ժողովրդին մոլորեցնելու համար։ Նրա խոսքով՝ այս իրավիճակում հայ ժողովուրդը պետք է ինքնակազմակերպվի՝ որպես ազգ, և դրա համար բոլոր հասարակական գործիչները պետք է բարձրացնեն ազգի ինքնագնահատականը։
«Ի վերջո, ազգովի պետք է կողմնորոշվենք՝ մենք ով ենք, ուր ենք գնում, կամ մեզ ուր են տանում։ Իշխանությունը հաշվարկված քայլեր է փորձում անել, մոլորեցրել է ժողովրդին ու շարունակում է մոլորեցնել։ Նիկոլ Փաշինյանը գիտակցել է, որ տանուլ է տվել, պատասխանատվության ու հատուցման ժամը մոտ է, իրեն այլ բան չի մնում անել, քան մթնոլորտն ավելի սևացնել ու հասարակությանն ավելի պառակտել»,- ավելացրեց նա։
Իրավապաշտպանը նաև ընդգծեց, որ ժողովրդին ամեն վայրկյան պետք է գիտակից մարդիկ բացատրեն իրավիճակը։ Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը կարող է ամեն ինչ անել, նույնիսկ իր տանը հացը հատակին ուտել, բայց այդ ամենը կարող է անել պաշտոնը թողնելուց հետո։
«Նիկոլ Փաշինյանի քայլերից տպավորություն է, որ նա մի ողջ ժողովրդի իր ձեռքում պատանդ է պահել։ Այդ ամենը, ամեն ինչ տապալել է, չի կատարել իր նախընտրական խոստումները, իրեն այլ բան չի մնում անել, քան ժողովրդին հիմարացնել տարբեր մեթոդներով, ստեղծել հիմարների բանակ ու ժողովրդին ասել, թե՝ «ես ձեր ընկերն եմ», բայց իրականում այդպես չէ, շատ խելացի լինել պետք չէ, որպեսզի այդ ամենը հասկանալ»,- եզրափակեց Խաչատուր Մարոզյանը։