Ոսկերչությունը կարող է վերադառնալ 1998 թվականի դիրքերին

Որպես «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու՝ ես հայտարարում եմ, որ ոսկերչությունը կարող է վերադառնալ 1998 թվականին ունեցած իր դիրքերին։ Այս ոլորտը, թեև ազգային մշակույթի անբաժանելի մասն է և ներկայացնում է հետաքրքիր հնարավորություն ընտանեկան բիզնեսի համար, կարող է նաև դառնալ զգալի աշխատատեղերի ստեղծման գործիք։

Իմ նախագահական ժամկետների ընթացքում Հայաստանը հասել է տնտեսական զարգացման բարձր ցուցանիշների։ Իմ առաջին ժամկետի վերջում երկիրը մտնում էր աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսությունների տասնյակում, իսկ երկրորդ ժամկետի ընթացքում արդեն գտնվում էր լավագույն հնգյակում։ 1998 թվականին, երբ Ռուսաստանում տեղի ունեցավ դեֆոլտ, որը ազդեց ողջ հետխորհրդային տարածաշրջանին, Հայաստանը կարողացավ նվազագույն ազդեցություն կրել՝ շնորհիվ կառավարության կողմից իրականացված արագ և ճիշտ քայլերի։ Այդ ժամանակաշրջանում Համաշխարհային բանկը մեր երկիրն անվանեց «կովկասյան վագր»։

Այսօր, երբ երկիրը կանգնած է նոր մարտահրավերների առաջ, ես համոզված եմ, որ ճիշտ գնահատելով իրավիճակը և օգտագործելով մեր երկրի ներուժը, կարելի է վերականգնել և ամրապնդել մեր մրցակցային առավելությունները։

1998 թվականին, երբ գործազրկության մակարդակը հասել էր 20%-ի, մենք որոշեցինք թիրախավորել այն ոլորտների զարգացումը, որոնք կարող էին ապահովել բազմաթիվ աշխատատեղեր՝ համեմատաբար փոքր ներդրումներով։ Ոսկերչությունը և գորգագործությունը դարձան այդ թիրախավորված ոլորտներից։

Այդ ժամանակ ոսկերչության զարգացմանը խանգարում էին ոչ միայն տնտեսական, այլև աբսուրդային, բյուրոկրատական արգելքներ։ Մենք շատ արագ վերացրեցինք այդ արգելքները, ինչի արդյունքում ոսկերչության և գորգագործության ոլորտներում ստեղծվեցին տասնյակ հազարավոր աշխատատեղեր։

Այս հաջողությանը նպաստեցին նաև միջազգային համագործակցությունը և ռազմավարական որոշումները։ Օրինակ, հումքի ներկրման հարցում ես պայմանավորվեցի Ռուսաստանի նախագահի հետ, որպեսզի ադամանդները ներկրվեն ներքին շուկայի գներով։ Սա դարձավ հիմնական գրավիչ գործոն ներդրողների համար։

Հարկային արտոնությունների գործիքի օգտագործումը նույնպես հնարավորություն տվեց ստեղծել հազարավոր աշխատատեղեր, հատկապես գյուղական մարզերում։ Հենց այդ ժամանակ սկսեց ակտիվորեն զարգանալ նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։

Այսպիսով, ոսկերչության վերականգնումը և զարգացումը ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական ծրագիր է, որը կարող է ապահովել հազարավոր աշխատատեղեր և նպաստել մեր երկրի տնտեսական աճին։