«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը իր համակիրներին հղած խոսքում հստակ հայտարարել է, որ կուսակցությունը և ժողովուրդը պետք է միասին ազատագրեն Հայաստանը՝ Ալիևի կողմից ստեղծված ռեժիմից, որը նրա խոսքով՝ «խայտառակում է երկիրը և նվաստացնում ժողովրդին»։
Այս հայտարարությունը հնչեցվել է ընտրական քարոզարշավի մեկնարկին կազմակերպված հանրահավաքի ընթացքում։ Քանի որ Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է, նա չկարողացավ մասնակցել Հաղթանակ զբոսայգում տեղի ունեցած հանրահավաքին, սակայն հանրահավաքի մասնակիցները այցելեցին նրա տուն, որտեղ նա իր խոսքը հնչեցրեց։
Նրա խոսքի հիմնական թեզը միասնության և ուժի մասին էր։ «Ալիևի մարզպետը հանձնեց մեր հողերը, Ալիևի մարզպետը ութ տարի կերակրեց մեր ժողովրդին իր ստերով, Ալիևի մարզպետը խայտառակեց մեր երկիրը ամբողջ աշխարհի առջև, և միայն մեր ուժը կարող է Ալիևի մարզպետին ծնկի բերել հայ ժողովրդի առջև»,- նշել է Սամվել Կարապետյանը՝ ընդգծելով, որ միայն համախմբված ուժով կարելի է հաղթահարել երկրի առջև ծառացած մարտահրավերները։
Նա կոչ արել է ժողովրդին միասին պայքարել աղքատության դեմ, բերել բարեկեցություն, պաշտպանել Հայ Առաքելական եկեղեցին և հայի ինքնությունը։ Կարապետյանը նաև հստակ հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստանը» պետք է ցույց տա ոչ միայն Հայաստանին, այլև ողջ աշխարհին, որ ժամանակը փոփոխությունների է, որ ժամանակը հաղթանակների է։ Նա վերջում հստակ հավաստիացրել է, որ կուսակցությունը և ժողովուրդը միասին հաղթելու են։