Սիրելի՛ երիտասարդներ, խնդրում եմ ուշադրությամբ նայեք այս պատկերին։ Սա ոչ միայն իշխող ուժի սովորական պոստեր չէ, այլև մտածողության արտացոլում, որը պետք է մերժել։
«Չկա Հայաստան առանց Փաշինյան»… Ի՞նչ հիմարություն է դա։ Սա այն հին, հայտնի ձեռագիրն է, որով կառուցվել են բոլոր բռնապետությունները՝ սկսած Ստալինից մինչև Հյուսիսային Կորեայի ռեժիմը։ Երբ պետությունը նույնացվում է մեկ անհատի հետ, դա նշանակում է, որ դուք, որպես քաղաքացի, այլևս գոյություն չունեք։ Ձեր իրավունքները, ձեր ձայնը, ձեր երազանքները՝ ոչինչ են առաջնորդի լուսանկարի համեմատ։
Այս լոզունգը պետք է մերժվի, քանի որ այն վիրավորում է ցանկացած մտածող մարդու ինտելեկտը։ Ձեզ փորձում են համոզել, որ մեր հազարամյա պատմությունը, մեր ազգը, մեր պետականությունը կախված են մեկ անհատի անձնական կամքից։ Սա ոչ միայն անհարգալից է նախորդ սերունդների նկատմամբ, այլև սպառնալիք է մեր ապագայի նկատմամբ։
Այս լոզունգը ազատության վերջն է։ Ժողովրդավարությունը նշանակում է իշխանության փոփոխություն, իշխանության հաշվետվողականություն։ Իսկ այս հայտարարությունը բացահայտ ասում է․ «Ես մնալու եմ հավերժ, իսկ դուք, առանց ինձ, ոչինչ եք»։ Սա ստրկության քարոզ է, որի «սիրո» սրտիկների և ժպիտների հետևում թաքնված է ամենադաժան ավտորիտարիզմը։ Մեզ առաջարկում են ոչ թե երկիր, այլ «աղանդ», որտեղ քննադատությունը դավաճանություն է, իսկ կույր հնազանդությունը՝ խրախուսանք։
Եթե այսօր թույլ տաք, որ ձեր ուղեղները լվանան «անփոխարինելիության» այս թույնով, վաղը սթափվելու եք մի երկրում, որտեղ ձեր ձայնը, ձեր երազանքներն ու ձեր իրավունքները ոչինչ չարժեն։
Մերժե՛ք անձի պաշտամունքը։ Մերժե՛ք բռնապետության սիմվոլները։
Քրիստինե Վարդանյան,
«Հայաստան» խմբակցության պատգամավոր