Հանրապետության հրապարակում տեղի ունեցող երկու իրականությունների մասին խոսելիս՝ «Քաղաքացու օրվա» հարթակը և այսօրվա ջահերով երթը, ես, որպես հայ ժողովրդի անդամ, ցանկանում եմ խոսել այս երկու իրականությունների միջև գոյություն ունեցող խորը, հոգեբանական կապի մասին։
Ես չեմ հավակնում բանաձևել ճշմարտությունը կամ առաջարկել փրկության ճանապարհներ, թեև որպես բժիշկ իմ պարտականությունն է ախտորոշել և բուժում առաջարկել։ Սակայն նախքան դա, ես դիմում եմ բոլոր հայրենակիցներիս՝ անկախ մեր քաղաքական տարաձայնություններից։ Խնդրում եմ այսօր միանալ այս երթին։
Ես նայում էի Հայաստանի բնակչության ծագումնաբանության քարտեզին։ Այսօրվա երեք միլիոնանոց Հայաստանում ապրում են առնվազն 300-400 հազար արցախցի, մոտ մեկ միլիոն՝ Արևմտյան Հայաստանից և ցեղասպանությունից վերապրածների ժառանգներ։ Սա նշանակում է, որ մեր բնակչության 95 տոկոսը հայ է։ Զարմանալի է, որ երբեմն փորձում են մեզ հակադրել իրար։
Այսօրվա ջահերով երթը, իմ ամենամեծ հարգանքով դեպի ավանդական կազմակերպիչներին, վաղուց դադարել է լինել Դաշնակցության սեփականությունը։ Կարծում եմ՝ դա Դաշնակցության հաջողությունն է, որ այս հավաքները այլևս կուսակցական չեն, այլևս միայն իրենցը չեն, այլ իրենց շնորհիվ՝ 90-ականներից սկսած՝ բոլորիս են։
Հատկապես այսօրվա իշխանության պարագայում այս երթին մասնակցելը նշանակում է ունենալ դիրքորոշում։ Հեշտ էր գալ երթի, երբ իշխանություններն աջակցում էին հայկական պատճառին։ Այդպես էր նախորդ երեք նախագահների ժամանակ՝ իրենց բոլոր տարբերություններով։ Հեշտ էր միանալ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, երբ թիկունքիդ պետություն էր։
Այսօր մեր թիկունքին պետություն չկա, որովհետև, առհասարակ, հայկական պետություն այսօր չկա։ Ավելին ասեմ՝ այսօր այդ պետությունը բռնազավթված է, օկուպացված է այլոց կողմից դրված խամաճիկների ձեռքերում։ Եվ շատ դժվար է, բայց ավելի պատվաբեր է լինել պատվախնդիր այն ժամանակ, երբ նախագահն այդպիսին չէ, վարչապետն այդպիսին չէ, պառլամենտը այդպիսին չէ, կառավարությունը այդպիսին չէ։ Այսօր ավելի կարևոր է լինել հայ, քան հայ մնալ լավ օրերին։
Ես չեմ ուզում, որ նիկոլիզմի այս պրոպագանդայի կուտն ուտենք, որովհետև սրանք փորձում են հակադրել պարզ մարդկային, կենցաղային երջանկությունները թասիբին։ Բոլորս էլ սիրում ենք և խմել, և պարել, և ուրախանալ, լավ ժամանակ անցկացնել, համերգի գնալ։ Բայց հակադրել համերգը պատվին՝ սրիկայություն է։
Եկեք դուրս գանք այս հակադրությունից։ Այս բեմը կյանքն է, այն բեմը՝ կենցաղը, այս բեմը՝ պատիվը, այն բեմը՝ հավեսը, այս բեմը ցեղասպանություն վերապրած իմ պապի բեմն է, այն բեմը՝ իմ երեխաների հավեսի բեմն է։ Դրանք չեն հակադրվում։ Բայց սրանք փորձում են հակադրել։ Մարդուն ասես՝ հաց ուտե՞ս, թե՞ աղոթես։ Շատ քիչ մարդ կգնա ճիշտ ճանապարհով, որովհետև ճիշտն այդ պահին աղոթելն է։ Բայց մարդիկ ունեն բնազդներ, և մեծ մասը կարող է գնալ՝ հաց ուտի այսօրվա այս բեմերի հակադրության մեջ։
Այսպիսով, ջահերով երթը պետք է դիտարկվի որպես հայկական էության, պատվախնդրության և հիշողության պաշտպանության ակտ, որը չի հակադրվում կյանքի և հավեսի բնական հոսքին, այլ լրացնում է այն։ Այն հայկական էությունն է, որը պահպանվում է ոչ թե պետական աջակցության շնորհիվ, այլ մեր սեփական կամքի և պատվի զգացողության շնորհիվ։