Իրավաբան Արա Ղազարյանը մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «մեր յուղի մեջ պիտի տապակվենք» հայտարարությունը՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված հանցագործությունների հետաքննությունը և հետապնդումը պետք է իրականացվեն ոչ թե վարչապետի քաղաքական ցանկության, այլ Սահմանադրությամբ սահմանված իրավական մեխանիզմների շրջանակում։
Ըստ իրավաբանի՝ քրեական հետապնդման գործընթացը, որը կատարում են քննչական կոմիտեն և գլխավոր դատախազությունը, պարտավոր է իրականացվել անկախ նրանից, թե վարչապետը որպես բանակցող կողմ ցանկանում է, թե չի ցանկանում հետամուտ լինել այդ հարցին։ Եթե հանցագործություն է տեղի ունեցել, ապա համապատասխան իրավական մեխանիզմը պարտավոր է աշխատել։
Ղազարյանը նշում է, որ եթե մինչև հիմա վարույթ չի հարուցվել, դա ինքնին հանցագործություն է։ Նրա կարծիքով՝ վարչապետի հայտարարությունը քաղաքական դիրքորոշում է, որը պետք է առանձնացնել իրավական գործընթացներից։
Իրավաբանը պնդում է, որ եթե խոսքը վերաբերում է 2020, 2022 կամ 2023 թվականներին ՀՀ տարածքում կատարված հանցագործություններին, ապա արդեն պետք է լինեին իրավական հետևանքներ։ Նրա խոսքով՝ քրեական գործի քննությունը պետք է ավարտված լիներ, և Մինսկի կոնվենցիայի շրջանակում Ադրբեջանին պետք է հրավիրված լիներ համագործակցության։
Ղազարյանը նաև կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի նման դիրքորոշումը խոչընդոտ է միջազգային համագործակցությանը և խրախուսում է նորանոր հանցագործություններ։ Նա նշում է, որ հասարակությանը տեղեկատվություն չի տրվում՝ Իշխանասարի կամ Ջերմուկի դեպքերով վարույթների ընթացքի մասին, և հստակ չէ, թե արդյոք հաստատվել է, որ հանցագործությունները կատարել են Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներ։