Վանաձորում կայացած հանդիպման ընթացքում, ի պատասխան երիտասարդ «Հայաստան» դաշինքի թեկնածուի հարցմանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել է իր առաջնահերթությունները, եթե նա ստանձնի վարչապետի պաշտոնը։
Ըստ նրա՝ առաջին հերթին անհրաժեշտ է ամրապնդել երկրի անվտանգությունը։ «Անվտանգությունը հիմքն է, որի վրա կառուցվում է ամեն ինչ։ Բոլոր ուրիշ հարցերը, եթե անվտանգությունը չլուծվի, վտանգված են։ Այդտեղից է սկսվում ցանկացած պետության կայացումը», – նշել է նա՝ ընդգծելով, որ անվտանգության ամրապնդումը պահանջում է համակարգված մոտեցում՝ ներառելով ոչ միայն բանակի զորավիճակը, այլև աշխարհաքաղաքական դաշնագրերի և դիվանագիտության ուղղվածությունը։
Երկրորդ հերթական խնդիրը, ըստ Ռոբերտ Քոչարյանի, տնտեսական ճգնաժամի լուծումն է։ Նա նկատել է, որ այսօր երկրում առկա է անհամաչափ զարգացման խնդիր՝ գյուղ-քաղաք և մայրաքաղաք-տարածքների միջև։ «Երբ ասում են, որ կառուցելու ենք այսքան դպրոց, բայց մեկ դպրոց կառուցվում է հինգ դպրոց փակելու համար սահմանամերձ գոտիներում, սա դպրոցաշինություն չէ, այլ սահմանամերձ գյուղերի փակման քաղաքականություն», – եզրափակել է նա՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է ստեղծել աշխատատեղեր և ապահովել համաչափ զարգացում։
Երրորդ, ըստ Ռոբերտ Քոչարյանի, անհրաժեշտ է վերացնել այն թունավոր մթնոլորտը, որն այսօր տիրապետում է հասարակական կյանքին։ Նա նկատել է, որ առաջնորդի կեցվածքը և նույնիսկ նրա անձնական սովորությունները հաճախ դառնում են կրկնօրինակման և ատելության օբյեկտ։ «Եթե առաջնորդը սկսում է հայհոյանքով խոսել, առաջնորդը սկսում է ատելություն քարոզել, հասարակությունը բաժանել, Արագած Արարատը իրար հետ կռվացնել, սա պետք է փոխվի ֆունդամենտալ», – նշել է նա՝ ընդգծելով, որ պետք է վերականգնել հարգանքի և միասնության մթնոլորտը։