Փաստաբանը՝ Եկեղեցու դեմ գործերի մասին

Եթե քրեական դատարանի որոշումները կարող են վրդովեցնել, ապա քաղաքացիական դատարանի որոշումները, իմ կարծիքով, շոկահարող են։ Այս մասին ես ասում եմ՝ անդրադառնալով Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վերջին որոշումներին։

Դատավորներ Սիմա Աբովյանը և Հովհաննես Մելքոնյանը պարտավորեցրել են Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցուն և այլ անձանց ամբողջությամբ և առանց խոչընդոտի ապահովել նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի պաշտոնավարումը հոգևոր հովի պաշտոնում, իսկ Էդգար Հովհաննիսյանն էլ պարտավորեցրել է եկեղեցուն ապահովել, որ Արման Սարոյանը (նախկինում՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյան) պաշտոնավարի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։

Ես, որպես փաստաբան, 20 տարի է, ինչ զբաղվում եմ իրավաբանությամբ, սահմռկեցուցիչ գործերի եմ առնչվել՝ մանկապղծությունից մինչև բազմաթիվ հանցագործություններ։ Կարծում էի, թե ինձ ոչինչ չի կարող զարմացնել, բայց այս որոշումները իսկապես բոլոր պատկերացումները սահմաններից դուրս են հանում։

Իրավական գործընթացի հիասթափեցնող այս պատկերը ցույց է տալիս, թե ինչպես է իշխանությունը փչացնում, կոտրում և ծնկի է բերում ամեն լավ բան՝ իրավական համակարգը խեղաթյուրելով։

Պետությունը չի կարող միջամտել եկեղեցու ներքին գործերին։ Սա ամրագրված է ոչ միայն Հայաստանի Սահմանադրությամբ, այլև օրենքներով։ Ըստ օրենսդրության՝ պետությունը չի կարող միջամտել ոչ միայն մայր եկեղեցու, այլև ցանկացած կրոնական կազմակերպության ներքին գործերին։

Եթե պաշտոնատար որևէ անձ իր լիազորությունները չարաշահելով որևէ կրոնական կազմակերպության ծեսերին միջամտեր, ասենք՝ ասեր՝ «աչքիդ վերևում ունք կա», պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կկատարվի։ Ոչ միայն մեր օրենսդրությամբ, այլև միջազգային դատական ակտերով, մասնավորապես՝ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով, որը մենք ընդունում ենք որպես մեր իրավական գործընթացների ուղեծիր, հստակ սահմանված է, որ չի կարելի մտնել կրոնական կազմակերպության որոշումների մեջ։

Այս իրավիճակը հատկապես ակնհայտ է դարձել Արագածոտնի թեմի դեպքի հետ կապված։ Իրավապահների ուշադրությունը թեմի նկատմամբ կենտրոնացել է, ինչը, իմ կարծիքով, անմիջապես կապված է թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի անձի հետ, որը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջորդին է։

Այս ճնշումը տարածվում է նաև վեհափառի եղբայրների՝ Գևորգ և Համբարձում Ներսիսյանների վրա, նրանց նկատմամբ էլ կիրառվում է տնային կալանքի միջոցառումը։

Սա իրավաբանության հիասթափեցնող դեմքն է, որտեղ ոստիկանը խոշտանգում է քաղաքացուն, նրա նկատմամբ կիրառվում է տնային կալանք, իսկ այս դեպքում հանրությունը չի տեսնում, որ իր լիազորությունները չարաշահած ոստիկանը պատասխան է տալիս իր կատարած քրեորեն հետապնդումը։