ՔՊ-ի անունը զեղչելու փորձը՝ ահաբեկվածության արդյունք է, ոչ թե քաղաքական հաջողության

Հարցում եք՝ ինչո՞ւ են ՔՊ-ականները փորձում զեղչել Սամվել Կարապետյանի անունը։ Դա ՔՊ-ի կողմից կիրառվող սովորություն է։ Ինչպես Կաթողիկոսի անունն են զեղչում պատարագներից, այնպես էլ այս անունը փորձում են հեռացնել քաղաքական դաշտից։

Այսօր բոլորը հասկանում են, որ «Ուժեղ Հայաստանը» ոչ այլ ինչ է, եթե ոչ Սամվել Կարապետյանի անձի շուրջ ձևավորված քաղաքական ուժ, որի մեջ միավորվել են շատ այլ ուժեր ու գործիչներ։ Այսպիսով, ԱԺ-ի արտահերթ նիստը, որտեղ պետք է փոխվեր ընտրական օրենսգիրքը, ավելի շատ նման է ահաբեկվածության, քան քաղաքական հաջողության։

Նրանք նստել են և մտածել՝ եթե Սամվել Կարապետյանի անունը զեղչեն, ժողովուրդը «կարողա շշկռվի» ու քվեարկի ՔՊ-ի օգտին։ Իսկ ո՞վ է այդ միտքը հուշել ՔՊ-ի առաջնորդներին։ Ինչո՞ւ է նրանց թվում, որ «Ուժեղ Հայաստան» ասելով՝ ժողովուրդը հանկարծ ՔՊ կամ, առավել ևս, Նիկոլ Փաշինյանին կպատկերացնի։ Որովհետև ուժի հետ դուք ընդհանրապես կապ չունեք։ Դուք այսօր ավելի շուտ թալանի, կոռուպցիայի, պարտության, կապիտուլյացիայի հետ եք ասոցացվում, քան ուժի։ Եվ դա ձեր մեղքն է։ Սամվել Կարապետյանը մեղավոր չէ, որ երբ ժողովուրդն ասում է՝ «Ուժեղ Հայաստան», հասկանում է Սամվել Կարապետյանին, երբ ասում է Սամվել Կարապետյան, հասկանում է «Ուժեղ Հայաստան»։ Զեղչեք այդ անունը, ինչ ուզում եք՝ արեք, դա իրողություն է։

Ես էլ առաջարկում եմ ՔՊ-ի դիրքերը բարելավելու համար ՔՊ-ի անվան մեջ ներմուծել «Նիկոլ» բառը։ Մի ձևով հարմարեցրեք, չգիտեմ։ Տեսնենք՝ ի՞նչ կստացվի։

Այլապես, Դաշնակցությանը, որը 135 տարվա կուսակցություն է, առաջարկում են սեփական լիդերն ունենալ։ Տղա ջան, դուք հարյուր տեսակ ընտրությունների եք մասնակցել՝ ինչպես իր դեմքով, իր ընկերոջ առաջնորդությամբ, այնպես էլ դաշինքով։ Դու որ հիշողություն չունես կամ տարիքդ չի ներում, դա չի նշանակում, որ իրավունք ունես ԱԺ ամբիոնից հիմարություններ ասել։ Դուք այսօր տասնյակներով սատելիտներ ունեք շուրջներդ, ի՞նչն է խանգարում ձեզ հայտարարել, որ ընտրության եք գնում նրանց հետ դաշինքով ու դաշինքի առաջնորդն էլ Նիկոլն է։ Ինչո՞ւ եք այդ մարդուն զրկում դաշինքի առաջնորդի պատվից։ Բայց դուք այնքան «ուժեղ» եք, որ կկարողանաք անցողիկ շեմը հաղթահարել Նիկոլի անունը զեղչելով անգամ։ Անունն էլ դրեք՝ «Առանց Նիկոլ դաշինք», որ ժողովուրդը հանկարծ չշշկռվի։

Մի խոսքով՝ հանգստացեք, պարոնայք «ժողովրդավար» ՔՊ-շնիկներ։ Ձեր իմիջին այլևս ոչինչ չի սպառնում։ Ինչ կաք, դա եք՝ Նիկոլի հետ, թե առանց Նիկոլի, կապիտուլյանտով, թե առանց կապիտուլյանտի, հողատուով, թե առանց հողատուի։ Ամոթ է, ընտրությունները քթներիդ տակ են, իսկ դուք դեռ չեք կողմնորոշվել։