Ֆրանսիան պետական աջակցություն կտրամադրի միայն մարդկային ստեղծագործությամբ ստեղծված ֆիլմերին

Ֆրանսիայի կինոարտադրության ոլորտում ստեղծագործության եւ մարդկային աշխատանքի պաշտպանության նոր քաղաքականություն է մշակվում։ Ֆրանսիական Կինոյի եւ մուլտիպլիկացիայի Ազգային կենտրոնը (CNC) կփոխի իր աջակցության տրամադրման կանոնները՝ երաշխավորելու համար, որ պետական ֆինանսավորումը կնպաստի միայն մարդկային ստեղծագործությանը։

Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Մշակույթի նախարար Քաթրին Պեգարը՝ Կաննի 79-րդ կինոփառատոնի շրջանակում կայացած ասուլիսում։ Նախարարը նշել է, որ CNC-ն այլեւս չի աջակցի այն ֆիլմերին, որոնց ստեղծման գործընթացում առանցքային դեր ունեն արհեստական բանականության (ԱԲ) ալգորիթմները։

Այս քաղաքականությունը տարածվում է նաեւ դուբլյաժի վրա։ Պետության կողմից աջակցություն կստանան միայն այն կինոնկարները, որոնց դուբլյաժը եւս իրականացվել է մարդկանց կողմից։

Քաթրին Պեգարը հստակեցրել է, որ ԱԲ տեխնոլոգիաները կարող են լինել արվեստի ստեղծման գործընթացը արագացնող եւ հեշտացնող գործիքներ, սակայն դրանք երբեք չեն կարող փոխարինել ստեղծագործության հիմնական սուբյեկտին՝ մարդուն։ Նրա խոսքով՝ պետական աջակցության հավակնող ֆիլմերում ԱԲ-ի կիրառումը չի արգելվում, սակայն պետական աջակցություն կտրամադրվի միայն այն դեպքերում, երբ մարդկային ստեղծագործությունը եւ աշխատանքը հանդիսանում են գործընթացի հիմնական ուղղորդիչ ուժը։

Ֆրանսիայի կառավարությունը նաեւ աշխատում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մակարդակով միջազգային իրավունքի շրջանակում ամրագրել մշակութային ինքնիշխանության եւ ստեղծագործությունների բազմազանության պահպանման սկզբունքները՝ ԱԲ-ի կիրառության համատեքստում։ Այս քայլը, ըստ մասնագետների, ֆրանսիական մշակույթի համար լուրջ մարտահրավեր է ներկայացնում։