44-օրյա պատերազմից հետո՝ 2021-2023 թվականների ընթացքում, Ադրբեջանը իրականացրել է մի շարք հարձակումներ, որոնց արդյունքում Սյունիքի մարզում օկուպացվել են մի քանի ռազմավարական նշանակության բարձունքներ և տարածքներ։ Այս գործողությունները տեղի են ունեցել երեք տարվա ընթացքում՝ փուլերով։
Հակառակորդը Հայաստանի սուվերեն տարածք է ներխուժել մի քանի ուղղություններով։ Առաջինը՝ Սյունիքի բարձրավանդակում, որը գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի սահմանագծի մոտ։ Այս ուղղությամբ օկուպացիան ընդգրկում է տարածքներ՝ սկսած Վայոց Ձորի և Սյունիքի սահմանից մինչև Իշխանասար և Սեւ լիճ։
Երկրորդ հարձակման ուղղությունը Տեղ գյուղի հատվածն է, որտեղ ադրբեջանական զորքերը նույնպես հաջողությամբ առաջ են շարժվել։ Երրորդ ուղղությունը Ծավ-Ներքին Հանդ գյուղերի շրջանն է։
Այս հարձակումների արդյունքում Հայաստանի տարածքը զգալիորեն նվազել է։ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք հակառակորդը ընդհանուր առմամբ գրավել է մոտ 130 քառակուսի կիլոմետր տարածք, որից զգալի մասը գտնվում է Սյունիքի մարզում։