Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի կարծում, թե Ստեփանակերտի Մայր տաճարի հարցը պետական մակարդակով կդառնա միջազգային քննարկումների առարկա։
Այս հայտարարությունը հնչել է երեք օր այն բանից հետո, երբ հրապարակվեցին ահազանգեր՝ կապված Ստեփանակերտի Մայր տաճարի ավերման հետ։ Վարչապետը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է․ «Այս թեմաների նկատմամբ առավելևս հիմա պետք է լինել շրջահայաց, որովհետև նման թեմաները երկսայրի սուր են։ Մենք կնայենք, կվերլուծենք։ Չեմ կարծում, թե մեր նախորդ փորձը հաշվի առնելով՝ դա կդարձնենք միջազգային քննարկումների առարկա պետական մակարդակով։ Եվ սա մի իրավիճակ է, որ մենք պետք է ամբողջությամբ հասկանանք»։
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմի կողմից հրապարակված արբանյակային լուսանկարներում պատկերված է, որ ավերված է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր հովանու Մայր տաճարը, որը Հայաստանի ու Արցախի մեծությամբ երկրորդ եկեղեցին էր։ Կարմիր տուֆով կառուցված հսկա եկեղեցին, որը տեղում էր մարտին, այժմ փոխարինվել է սպիտակ դատարկ տարածքով։
Արցախի մշակույթի նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը նկատել է, որ Ստեփանյան ու Մկրտչյան փողոցներից տաճարը շատ լավ էր երևում, նաև «Պարկ հոթել» հյուրանոցի կողքին։ Հիմա հյուրանոցը երևում է, սակայն տաճարի գմբեթն անգամ չի նշմարվում։
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Էլնարա Ախիմովան «Ազատության» ադրբեջանական ծառայությանը հայտնել է, որ Բաքուն երբեք չի քանդում պատմական կամ մշակութային հուշարձաններ։ Նա չի հաստատել Ստեփանակերտի Մայր տաճարի քանդման փաստը, բայց նշել է, որ դա պետք է ճշտվի։ Ադրբեջանցի խորհրդարանականը պնդել է, որ հայերն են քանդել իրենց մզկիթները 30 տարվա օկուպացիայի ընթացքում։