Մրգաշենում տեղի ունեցած սպանության դեպքը խիստ մտահոգություն է առաջացրել իրավապահ համակարգում

Իրավապահ համակարգի ղեկավար կազմը որոշել է խիստ ուշադրության կենտրոնում պահել բոլոր ագրեսիվ, աչքի ընկնող, միջադեպերի կիզակետերում հայտնված երիտասարդներին։ Այս որոշումը կայացվել է Մրգաշենում տեղի ունեցած ատամնաբույժի սպանության դեպքի կապակցությամբ, որը խիստ մտահոգություն է առաջացրել համակարգում։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ ապրիլի 13-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի ընթացքում պարզվել է, որ արարքը կատարել են եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է։ Եղբայրները կալանավորված են։

Իրավապահ համակարգի աղբյուրների համաձայն՝ ըստ նախնական վարկածի, խնդիրը եղել է ատամնաբույժի երիտասարդ դստեր հարցի հետ կապված։ Ըստ այդ վարկածի՝ երիտասարդները հորը դուրս են կանչել՝ պարզաբանումներ անելու։ Արդյունքում խոսակցությունը թեժացել է, ինչն ավարտվել է ողբերգական դեպքով։

Հավելենք, որ կալանավորված եղբայրները հրաժարվում են ցուցմունք տալ և պատմել դեպքի հանգամանքները։