ՔՊ-ի նախընտրական ծրագրում եկեղեցուն վերաբերող կետը հակասահմանադրական է

Իմ կարծիքով, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության (ՔՊ) նախընտրական ծրագրում եկեղեցու բարենորոգման մասին կետի առկայությունը հակասահմանադրական է։ Սա նույնն է, որ որևէ կուսակցություն իր ծրագրում ներառի կետ, որը հակասում է օրենքին, առավել ևս Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

Սա հակասում է Սահմանադրության կրոնի և խղճի ազատության մասին կետին, ինչպես նաև 18-րդ հոդվածին, որը սահմանում է եկեղեցու դերակատարությունը պետությունում։ Իրենք պետության դեմ են, ինքը պետություն բառի իմաստը սխալ է հասկացել։ Պետություն և իշխանություն հասկացողությունները իրար հետ են շփոթում։ Եկեղեցին շատ պետականամետ կառույց է, և ցավոք սրտի, շատ դեպքերում ինքը նույնացնում է իրեն պետության, օրենքի հետ։

Եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերարտադրվի, ես սպասում եմ, որ եկեղեցին նոր խնդիրների է բախվելու։ Իր նախընտրական ծրագրում եկեղեցուն վերաբերող կետը հենց դրա համար է ներառել, որ հետո ասի ժողովուրդն իր քվեով ինքն իրեն մանդատ է տվել։ Աստված չանի, եթե ինքը վերարտադրվի, սկսելու է բոլորիս իրավունքները ոտնահարել։ Սա հակաիրավական գործընթաց է, որը սկսել է, և որը նույնիսկ միջազգային հարթակում է խիստ գնահատականի արժանացել։

Ես մինչև եկեղեցու դեմ այս արշավի սրվելը քաղաքական դիրքորոշում երբևէ չեմ հայտնել։ Իմ նպատակը ոչ թե որևէ կուսակցության կողմնակից լինելն է, այլ ապօրինություններին դեմ լինելը։ Ուղղակի Նիկոլ Փաշինյանի և իր այս վարչակազմի ապօրինություններին եմ դեմ։ Ընտրությունների վերջին օրերին կկողմնորոշվեմ՝ կտամ իմ ձայնը ամենաանցողիկ, ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական ուժին, որպեսզի իմ ձայնը չփոշինանա։

Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման պատճառով մեր երկիրը արտաքին 8 մլրդ դրամ պարտք ունի։ Իրենք հպարտանում էին դպրոցաշինությամբ, սակայն սեպտեմբերին 200-ից ավելի դպրոց են փակել։ Իրենք հպարտանում էին իրենց ասֆալտով, սակայն աղն ու անձրևը շատ ընդդիմադիր կեցվածք ունեն դրա նկատմամբ։ Իրենք ավելի շատ դպրոցներ, վանքեր, գյուղեր են թողել Արցախում, քան իրենց ունեցած վարկով ու պարտքով ձեռքբերումներն են։

Ես մանավանդ դատապարտում եմ իրենց այս լկտի կեցվածքը եկեղեցականների նկատմամբ։