Համալսարանական հիվանդանոցի նյարդաբան Սոֆիյա Խաչատուրյանի հետ զրույցից պարզ դարձավ, որ Պարկինսոնի հիվանդությունը, որը հաճախ բնորոշ է տարեց մարդկանց, ունի բազմաթիվ, ոչ միայն շարժողական, այլև ոչ շարժողական դրսևորումներ, որոնք կարող են նախորդել հիվանդության ավելի ճանաչելի նշաններին։
Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը
Պարկինսոնի հիվանդությունը քրոնիկ, նեյրոդեգեներատիվ հիվանդություն է, որը հանգեցնում է վաղ հաշմանդամության։ Այն ազդում է մարդու շարժողական համակարգի վրա և բնութագրվում է դոֆամինային նեյրոնների ախտահարմամբ։ Դոֆամինը նեյրոմեդեատոր է, որը պատասխանատու է մեր շարժումների համար։ Այս հիվանդությամբ աշխարհում տառապում է մոտ 10 միլիոն մարդ, և դրա տարածվածությունը գնալով աճում է՝ կանխատեսումներով 2040 թվականին հասնելով 20 միլիոնի։
Ժառանգական է՞, թե՞ ձեռքբերովի
Պարկինսոնի հիվանդությունը բազմապատճառային է։ Դրա զարգացման գործընթացում կարող են դեր ունենալ ինչպես ժառանգական, այնպես էլ ձեռքբերովի գործոնները։ Գլխուղեղում դոֆամինային նեյրոնների քանակը շատ քիչ է՝ ընդամենը 400-600 հազար, մինչդեռ ընդհանուր նեյրոնների թիվը հասնում է 80 միլիարդի։ Հիվանդության զարգացման համար բավական է, որ այս նեյրոնների 80 տոկոսը վնասված լինի։
Ինչպե՞ս է դրսևորվում
Հիվանդության դրսևորումները բաժանվում են երկու հիմնական խմբի՝ մոտոր (շարժողական) և ոչ մոտոր։ Ոչ մոտոր դրսևորումները կարող են նախորդել մոտոր դրսևորումներին։
Ոչ մոտոր դրսևորումներից են՝
Քնի խանգարումներ․ հաճախ հիվանդները ունենում են քնի REM փուլի խանգարում, որի դեպքում գիշերը կարող են ագրեսիվ վարքագիծ ցուցաբերել, խոսել կամ շարժվել։
Ցավ․ հիվանդները կարող են ունենալ քրոնիկ ցավեր։
Միզարձակման խանգարումներ․ դրանք կարող են դրսևորվել որպես միզակապություն, անմիզապահություն կամ գիշերամիզություն։
Այլ դրսևորումներ․ դեպրեսիա, հոտառության կորուստ, փորկապություն, գունային տեսողության փոփոխություն։
Մոտոր դրսևորումներից են՝
Դող․ հիվանդության ամենատարածված նշաններից մեկը։
Բրադիկինեզիա․ շարժումների դանդաղացում։
Կարկամություն․ մկանների ճկվածություն, որը դժվարացնում է շարժումները։
Կեցվածքի փոփոխություն․ մարմնի դիրքի և հավասարակշռության խանգարում։
Դեմքի արտահայտվածության կորուստ (հիպոմիմիա)․ դեմքը դառնում է «մասկավոր»։
Խոսքի դժվարացում․ խոսքը դառնում է ավելի ցածր, անհասկանալի։
Ձեռագրի փոփոխություն (միկրոգրաֆիա)․ գրությունը դառնում է ավելի մանր ու անհասկանալի։
Ի՞նչ կարող է նպաստել հիվանդության զարգացմանը
Պարկինսոնի հիվանդության զարգացման ռիսկը մեծանում է մի շարք գործոնների ազդեցության դեպքում․
Մետաբոլիկ խանգարումներ․ ճարպակալում, երկրորդ տիպի շաքարային դիաբետ։
Գանգուղեղային տրավմաներ։
Փորկապություն։
Դեպրեսիա։
Այլ հիվանդություններ․ ինսուլտներ, հակափսխումային դեղերի օգտագործում, թմրանյութերի օգտագործում։
Սրտխառնոցի դեմ դեղորայք․ որոշ դեղամիջոցներ կարող են նպաստել շարժողական խանգարումների առաջացմանը։
Նյութափոխանակության խանգարումներ․ օրինակ՝ ծանր մետաղների (պղինձ, երկաթ) կուտակումը։
Արյան բարձր ճնշում և աթերոսկլերոզ։
Կանխարգելո՞ւմ է հնարավոր
Հիվանդության զարգացումը կանխարգելել հնարավոր չէ։ Բուժման նպատակը հիվանդի կյանքի որակը բարելավելն է։
Ի՞նչ է պետք անել
Եթե 65 տարեկանից բարձր եք և նկատում եք վերը նշված ախտանշաններից որևէ մեկը, հատկապես ասիմետրիկ դրսևորումներ (օրինակ՝ մի կողմի ձեռքը ավելի շատ դողում է), անհրաժեշտ է դիմել բժշկի՝ ճշգրիտ ախտորոշում և անհրաժեշտ բուժում ստանալու համար։ Պարկինսոնի հիվանդության բուժումը սիմպտոմատիկ է։ Դեղորայքային բուժման հիմնական միջոցը Լևոդոպան է, որը փոխարինում է գլխուղեղում պակասող դոֆամինին։ Բացի դեղորայքային բուժումից, կարևոր է նաև ֆիզիոթերապիան, վարժությունները և ճիշտ սննդակարգը։