«ՀայաՔվե»-ն ընտրություններին չի մասնակցելու՝ ծրագրային տարաձայնությունների պատճառով

«ՀայաՔվե» միավորումը չի մասնակցի առաջիկա ընտրություններին՝ ծրագրային բնույթի էական տարաձայնությունների պատճառով։ Այս մասին ասաց միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը։

Նրա խոսքով՝ միավորման մասին բանակցություններ տարվել են միայն «Միասնության թեւեր» դաշինքի հետ, որը մնում է նրանց գործընկեր։ Քաղաքական ուժերի միավորման ձախողումը պայմանավորված էր խաղաղության գործընթացի և TRIPP-ի հարցերով։

«Մեր տարաձայնությունները վերաբերում էին դիրքորոշումների ձեւերին, որոնք որոշակիորեն խնդրահարույց էին»,- մանրամասնեց Մենուա Սողոմոնյանը՝ չցանկանալով թեմային առավել մանրամասն անդրադառնալ՝ ելնելով նախընտրական փուլում ընդդիմադիր ուժի նկատմամբ քննադատություն չհնչեցնելու սկզբունքից։

Ընդդիմադիր գործիչը նշեց, որ այս ընտրություններն արժեքային են, որոնք ստուգում են հայ լինելու, քրիստոնյա լինելու և անգամ մարդ լինելու հասկացությունները։ Նրա կարծիքով՝ գործող իշխանությունները սկզբունքորեն ձեռնտու են աշխարհաքաղաքական մի քանի կենտրոնների համար, քանի որ Հայաստանը դարձրել են հարմարվող և իր իրավունքների համար չպայքարող պետություն։

«Այն քաղաքականությունը, որը տանում է Նիկոլ Փաշինյանը, հավաքական ինքնություն չունենալու մասին է։ Ինքն ասում է՝ պարզապես ապրեք։ Երբ մեզ զրկում է մեր հավաքական անցյալից և ապագայից, մեզ դարձնում է պարզապես սպառողների մի բանակ»,- ընդգծեց Մենուա Սողոմոնյանը՝ ավելացնելով, որ ապրիլքսանչորսյան միջոցառումների կիսատ լուսաբանումը Հանրային հեռուստաընկերության կողմից և ամսի 25-ին իշխանության կազմակերպած «խորոված փարթին» հենց այն են ցույց տալիս, որ պատմական հիշողությունը իշխանության համար կարևոր չէ։

«ՀայաՔվե»-ն շատ ակտիվ կմասնակցի ընտրություններին և կդիրքավորվի ընդդիմադիր դաշտում՝ աջակցելով տարբեր ձևերով՝ իր հետևորդներին և ընտրատեղամասերին։