Բարգավաճ Հայաստանը՝ ռազմավարական մտքի և ներքին համերաշխության արդյունք

Հայաստանն ունի բոլոր նախադրյալները՝ դառնալու ժամանակակից, ինքնիշխան և ինքնաբավ պետություն, որը կապահովի ներկա և ապագա սերունդների անվտանգությունը, սոցիալական արդարությունը և զարգացումը։ Սա հնարավոր է դառնալու միայն մեկ պայմանի դեպքում՝ երբ երկիրը կառավարվի ռազմավարական մտքով օժտված, կայուն և քաղաքակիրթ իշխանություն, որը կկազմի երկարաժամկետ ծրագրեր՝ առանց անհիմն վիրավորումների, սպառնալիքների և անընդհատ փոփոխվող տեսակետների։

Այսպիսի իշխանություն կկենտրոնանա երեք հիմնական ուղղության վրա՝ ռազմավարական նպատակների սահմանում, իրողությունների ընդունում և ռիսկերի կառավարում։

1. Հայաստանի փոքրությունը՝ ռազմավարական առավելություն

Հայաստանը պետք է վերածվի ոչ թե թույլ, այլ ռազմավարական առավելություն ունեցող պետության։ Մեր կոմպակտությունը, ճկունությունը և մտավոր կապիտալը պետք է դառնան մեր ամենամեծ ուժը։ Գտնվելով Արևելքի և Արևմուտքի, Ռուսաստանի, Իրանի, Հնդկաստանի և Արևմտյան երկրների միջև, մենք պետք է դառնանք այդ տարածաշրջանների միջև կամուրջ՝ ապահովելով մեր անվտանգությունը և խաղաղությունը։

2. Հայրենիքի պաշտպանություն և սփյուռքի ինտեգրում

Հայաստանը պետք է դառնա աշխարհասփյուռ հայերի հայրենիքը։ Մեր պարտականությունն է կանգնեցնել մեր թվաքանակի կրճատման գործընթացը և պաշտպանել Հարավային Կովկասում հայերի պատմական բնակության տարածքը։ Սա պահանջում է համակարգային և հետևողական ջանքեր՝ միջազգային իրավունքի և միջազգային մեխանիզմների շրջանակում ճանաչելով և պաշտպանելով Արցախի հայության հիմնարար իրավունքները, ներառյալ վերադարձի իրավունքը։

3. Բարգավաճ Հայաստանը՝ որպես մոդել

Այսպիսի իշխանություն կստեղծի երկու հիմնական հասկացությունների վրա հիմնված պետություն․

Անվտանգություն և զարգացում: Հայաստանը կդառնա անվտանգ տուն՝ յուրաքանչյուր հայի համար, որտեղ կապահովվի սոցիալական արդարություն, զարգացում և ժողովրդավար միջավայր։
Հայկական աշխարհի կենտրոն: Հայաստանը կդառնա հայկական աշխարհի զարգացման կենտրոն, միակ պետությունը, որը միջազգային հանրության կողմից ճանաչված է որպես հայկական աշխարհի հենման տարածք և սփյուռքի ինտեգրացիայի հարթակ։

Քաղաքականություն և ներքին բարեփոխումներ

Այս ռազմավարության իրագործումը պահանջում է համակողմանի ներքին և արտաքին քաղաքականություն․

Արտաքին քաղաքականություն: Ռազմավարական հարաբերությունների զարգացում Ռուսաստանի հետ, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդում, և պրագմատիկ մոտեցում Թուրքիայի և Ադրբեջանի հետ։
Ներքին քաղաքականություն:
Անկախ դատական համակարգ: Դատարանը պետք է լինի օրենքի առջև հավասարության, գործադիր իշխանության զսպման և քաղաքացիական հասարակության պաշտպանության երաշխավորը։
Հավասար հնարավորություններ: Կոռուպցիայի դեմ պայքար, սոցիալական շարժունակության խթանում և կառավարման թվայնացում։
Միջին խավի զարգացում: Որպես ժողովրդավարության հենասյուն՝ պետք է աջակցվի փոքր և միջին ընտանեկան բիզնեսը։
Ժողովրդագրական քաղաքականություն: Ծնելիության խթանում, ընտանեկան արժեքների պաշտպանություն և հատուկ ուշադրություն կանանց առողջությանը։
Կրթություն և հայրենասիրություն: Կրթական համակարգի ներառումն ազգային անվտանգության առաջնահերթությունների շարքում, սփյուռքի հետ միասնական գիտական տարածքի ստեղծում և հայրենասիրական շարունակական կրթության համակարգի ներդրում։

Այս ամենը պահանջում է համատեղ ջանքեր՝ ներկա և ապագա սերունդների համար ապահովելու Բարգավաճ Հայաստանը՝ որպես անվտանգ, արդար և զարգացող պետություն։