Ընտրությունների արդյունքը ժողովուրդն է որոշում, ոչ թե Վահագն Հովակիմյանն իր գրիչով…

Սիրելի՛ հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից իրականացվող իրավական գործընթացի ներկայիս փուլի մասին։

Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում մեր կուսակցությունը հավաքեց անհրաժեշտ քանակի ձայներ և հաղթահարեց Ազգային ժողով անցնելու համար սահմանված անցողիկ շեմը։ Սակայն, անհետևանք չմնաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) որոշումը, որով ապօրինիորեն անվավեր ճանաչեց երեք ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Այս որոշումը արհեստականորեն զրկեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը խորհրդարանում ներկայացված լինելու հնարավորությունից։

Այս որոշումից հետո ԿԸՀ-ն, խախտելով օրենքի պահանջները, չիրականացրեց վերաքվեարկություն այդ տեղամասերում։ Սա երկրորդ անգամ է, երբ ԿԸՀ-ն ոտնահարում է օրենքի գերակայության սկզբունքը և քաղաքացիների ընտրական իրավունքները։

Մենք բազմիցս նշել ենք, որ սա որևէ կերպ միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շահերի պաշտպանության հարց չէ։ Սա պայքար է արդարության վերականգնման համար։ Այդ երեք ընտրատեղամասերում պետք է անցկացվի վերաքվեարկություն, որպեսզի մեր հայրենակիցների կամքը, նրանց յուրաքանչյուր քվեն ամբողջությամբ իրացվի և ստանա իր իրավական նշանակությունը։

Անընդունելի է, երբ ավելի քան 3 000 մեր հայրենակիցներ զրկվում են իրենց ընտրելու իրավունքից։ Ընտրողն է որոշում, թե որ քաղաքական ուժերը պետք է ներկայացված լինեն Ազգային ժողովում, և որևէ վարչական կամ քաղաքական որոշում չի կարող փոխարինել ժողովրդի կամքին։ Ընտրությունների արդյունքը ժողովուրդն է որոշում, ոչ թե Վահագն Հովակիմյանն իր գրիչով…

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության իրավաբանների թիմը վաղն արդեն դիմելու է Սահմանադրական դատարան։ Մենք կօգտագործենք բոլոր հնարավոր իրավական գործիքներն ու ընթացակարգերը՝ ընտրողների խախտված իրավունքները վերականգնելու համար։

Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին, հասարակական-քաղաքական գործիչներին, իրավաբաններին և բոլոր այն հայրենակիցներին, ովքեր այս օրերին իրենց աջակցությունն ու համերաշխությունն են հայտնել մեր կուսակցությանը։

Արդարության վերականգնման համար մղվող այս պայքարում մենք շարունակելու ենք գործել հետևողական, սկզբունքային և բացառապես իրավական ճանապարհով՝ չշեղվելով մեր որդեգրած ուղուց։ Արդարությունը պետք է վերականգնվի, իսկ յուրաքանչյուր քաղաքացու ձայնը՝ հարգվի։ Սա միայն ԲՀԿ-ի հարցը չէ, այլ արդարության ու օրինականության համար տարվող պայքար։