Ընդդիմության դաշտը մրցակցային է, ոչ թե միավորված

Հայաստանում ընդդիմության դաշտը ավելի մրցակցային է դարձել, քան նախկինում, ինչը այն ավելի հետաքրքիր է դարձնում քաղաքական տեխնոլոգների համար, սակայն նաև ավելի լարված՝ մասնակիցների համար։ Այս կարծիքը հայտնել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ով է համարվում ընդդիմության առաջնորդը։

Նրա խոսքով՝ ընդդիմադիր դաշտում առկա են մի քանի բավականին խոշոր ձևաչափեր, որոնցից յուրաքանչյուրը հավակնում է հաղթանակի։ Նախկին նախագահը նշել է, որ ընդդիմության դաշտը մեկ անձի մեջ ընդհանրացնելն ու նույնացնելը քաղաքականապես և քաղտեխնոլոգիապես անգրագիտություն է։

«Ցավոք, սոցիոլոգիան մեզ մոտ ավելի շատ դառնում է հանրային կարծիքի վրա ազդելու գործիք, այլ ոչ թե երկրում քաղաքական ջերմությունը չափելու գործիք։ Կտեսնենք, ընտրությունները ցույց կտան», – ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ իր թիմը նախընտրական արշավը սկսել է շատ ավելի վաղ, քան մյուսները։

Նա պարզաբանել է, որ «ընդդիմության առաջնորդ» հասկացությունը նշանակում է մարդ, որը միավորում է ամբողջ ընդդիմությունը, ինչը ներկայիս իրավիճակում տեղի չունի։ Քոչարյանը նշել է, որ յուրաքանչյուր ընդդիմադիր կուսակցություն ունի իր նպատակը՝ հաղթել, և ընդհանուր նպատակը ազատվել իշխանությունից է։

«Ես եղել եմ առաջին դերերում, բայց ես չեմ եղել ընդդիմության ընդհանրացված առաջնորդը», – ընդգծել է նախկին նախագահը՝ հավելելով, որ խոսել ընդդիմության առաջնորդության մասին պետք է պարզապես ավելացնել «սոցիոլոգիական առաջնորդություն» բառակապակցությունը։