Իշխանական շրջանակներից հաղորդումներ են հասնում, որոնք վկայում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից գործարարների դեմ իրականացվող համակարգված ճնշման մասին։
Ըստ տեղեկությունների՝ գործարարներին բաժանել են երեք հիմնական խմբի՝ «օլիգարխիա», միջին և փոքր ձեռնարկատերեր, և յուրաքանչյուր խմբի նկատմամբ իրականացվում են տարբեր տեսակի «աշխատանքներ»։ Այս գործընթացը, ինչպես հաղորդվում է, Նիկոլ Փաշինյանի անմիջական հանձնարարությամբ իրականացվում է հատուկ նշանակված «բանագնացների» միջոցով։
Այս անձինք, որոնք կարող են լինել տվյալ տարածքի «խառոշիներ», մարզպետներ, համայնքապետեր, կամ ՔՊ-ամերձ գործարարներ, բանակցում են գործարարների հետ՝ նրանց համագործակցությունը իշխանության հետ ապահովելու նպատակով։ Բանակցությունների ընթացքում հիմնական ճնշման գործիքը շանտաժն ու սպառնալիքն է։ Գործարարներին հստակ հասցեագրում են, որ կա՛մ պետք է համագործակցեն իշխանության հետ, կա՛մ կենթարկվեն «ունեզրկման» և «բանտեր լցնելու» սպառնալիքներին։ Բոլոր հանդիպումները պարտադիրորեն ավարտվում են նշումով, որ զրուցելու են Նիկոլ Փաշինյանի անունից։
Որոշ գործարարներ, որոնք հրաժարվել են ընդունել նման պայմաններ, հակադարձել են՝ նշելով, որ երկար տարիներ քաղաքական գործընթացներին չեն մասնակցել և չեն ցանկանում սկսել այժմ։ Սակայն նման հիմնավորումները իշխանության կողմից չեն ընդունվում։ Չխառնվելը որակվում է որպես իշխանության դեմ սաբոտաժ, ինչի արդյունքում գործարարները ստանում են «աշխատել կամ սեւ ցուցակում հայտնվել» հրահանգը։
Այս իրադրությունը հստակ ցույց է տալիս, որ իշխանական շրջանակներում գործարարների նկատմամբ ճնշման քաղաքականությունը դարձել է համակարգված և կառուցվածքային։