Հայաստանում սահմանադրական կարգը տապալված է, և այս իրավիճակում իշխանությունը դիմում է ապօրինի մեթոդների՝ իշխանությունը պահպանելու համար։ Այս կարծիքը 168TV-ի «ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ հայտնեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։
Ըստ նրա՝ ընտրական գործընթացին մասնակցելը և ընտրություններից որոշակի ակնկալիքներ ունենալը հիմար է, քանի որ ընտրական գործընթացներն արդեն իսկ խաթարված են։ Իրավաբանի խոսքով՝ իշխանությունից ազատվելու երկու ճանապարհ կա՝ ընտրական և Սահմանադրության 115-րդ հոդվածով նախատեսված վարչապետին անվստահություն հայտնելը։
«Ցավոք սրտի, 2022 թ․-ից առայսօր տիտղոսային ընդդիմությանը չի հաջողվել իրականացնել այդ գործընթացը, սակայն հնարավորություն կա դա անելու մինչև ընտրությունների օրը՝ հունիսի 7-ը»,- նշեց Պողոսյանը։
Սահմանադրագետը նաև ընդգծեց, որ իշխանությունը, իրենց խոսքով, «իրենք են սահմանում իրենց սահմանները»։ Նա նշեց, որ Սահմանադրությունը ժամանակագրական առումով որևէ սահմանափակում չի նախատեսում վարչապետին անվստահություն հայտնելու և միաժամանակ նոր վարչապետ ընտրելու համար։
Պողոսյանը նաև նախազգուշացրեց, որ շատ կուսակցություններ և քաղաքական գործիչներ խոր մոլորության մեջ են, եթե կարծում են, որ միայն Ընտրական օրենսգրքով նախատեսված կանոններով շարժվելով՝ հնարավոր է լինելու ձերբազատվել այս իշխանությունից։
«Իշխանությունը գործադրել է բոլոր միջոցները՝ եվրոպական, արևմտյան կառույցներին անթաքույց ձևով թույլ տալիս միջամտել այս գործընթացներին»,- ասաց նա՝ հավելելով, որ օտարերկրյա ծառայությունները սկսել են իրենց գործունեությունը՝ «հիբրիդային սպառնալիքներից» Հայաստանը պաշտպանելու համար։
Վարդան Պողոսյանը կոչ արեց ընտրազանգվածին բացատրել, որ հունիսի 7-ի ընտրություններն իշխանությունից ազատվելու միակ ճանապարհը չեն։ «Այն պետք է սկսվի շատ ավելի շուտ, և մարդիկ պետք է պատրաստ լինեն փողոց դուրս գալու»,- եզրափակեց նա։