Իշխանությունն ու ընդդիմությունը մեկ մարդու մեջ

Ես միշտ կրքոտ հռետոր եմ եղել, և այսպես խոսել եմ նաև անցյալում։ Բայց մենք էլ ենք դա ասում, որ ութ տարի իշխանության գլխին ես, պետություն ես ղեկավարում, և մինչև օրս չես հասկացել, որ դու ոչ ընդդիմադիր պատգամավոր ես, ոչ լրագրող, ոչ էլ ընդդիմության հանրահավաքներ վարող։

Չես կարող ութ տարի պետություն ղեկավարելով, նույնիսկ 2026 թվականին, խոսել 2010-2012 թվականների քո լեքսիկոնով։ Ու մինչև օրս տեղը չես բերել, որ ոչ Ռոբերտ Քոչարյանն է երկրի նախագահը, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ քո առաջնորդը Լեւոն Տեր-Պետրոսյանն է։ Մանավանդ իսպառ մոռացել ես, թե ինչի մասին էիր խոսում այդ թվերին, ինչ էիր քարոզում և հիմա անում ես՝ ասելով էդ թվերին ասածներիդ ճիշտ հակառակը։

Դու չես կարող միաժամանակ և իշխանություն լինել, և ընդդիմություն։ Չես կարող անպատասխանատու հայտարարություններ անել, թե դատավորը կաշառք է վերցրել, երբ կոռուպցիան վերացնելու լոզունգով ես եկել իշխանության և իրավապահ մարմիններին այսօր անխնա օգտագործում ես ոչ թե կոռուպցիան վերացնելու, այլ ընդդիմության դեմ։

Եվ ութ տարում չես հասկացել, որ երկրի վարչապետը չի կարող «հավայի» խոսել՝ չի կարող անհիմն, անապացույց հայտարարություններ անել, ենթադրություններ ու կասկածներ բարձրաձայնել, սրան-նրան «ջախջախել», ստել, բղավել, սպառնալ։ Էդ բոլորը մի կերպ տանելի էր, երբ ընդդիմադիր էիր, բայց անտանելի ու անընդունելի է, երբ երկրի վարչապետն ես։

Այսինքն, իսպառ մոռացել ես ընդդիմադիր գործիչներին բնորոշ որակները՝ արդարության, օրինականության, հարկերի ու տուրքերի իջեցման համար պայքար, նեղ վիճակում գտնվող մարդկանց հանդեպ ապրումակցում, պետական ռեսուրսների խնայողության ու պադավատները, պետության հաշվին վոյաժները կրճատելու պահանջներ։ Միայն պահպանել ես հռետորական դատարկ ձիրքը, բայց այս անգամ՝ ընդդեմ հայ մարդու, հայոց պետության, օրենքի ու իրավունքի։