Հունգարիայի օրինախմբի փոփոխությունները և Հայաստանի քաղաքական իրողությունները

Հունգարիայի խորհրդարանը հավանություն է տվել սահմանադրական փոփոխությանը, որը սահմանափակում է վարչապետի պաշտոնավարման ժամկետը՝ առավելագույնը երկու ժամկետով, կամ ութ տարով։ Այս որոշումը, որը կայացվել է խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում, բարձր է ինտերեսի արժանի։

Ի տարբերություն նախագահական հանրապետությունների, որտեղ պաշտոնավարման ժամկետների սահմանափակումը դարձել է ժողովրդավարական ստանդարտ, խորհրդարանական համակարգ ունեցող երկրների մեծ մասում նման սահմանափակումներ գոյություն չունեն։ Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Իտալիայում և եվրոպական այլ ժողովրդավարություններում վարչապետը պաշտոնավարում է այնքան, մինչև վայելում է խորհրդարանական մեծամասնության վստահությունը։

Այս մոտեցման հիմքում ընկած է այն տրամաբանությունը, որ ինստիտուցիոնալ հակակշիռները՝ բազմակուսակցական համակարգը, քաղաքական մրցակցությունը և խորհրդարանը, բավարար են իշխանության գերկենտրոնացումը կանխելու համար։ Սակայն Հունգարիայի որոշումը ցույց է տալիս, որ ավտորիտարիզմի ձևավորումը կարող է տեղի ունենալ ոչ միայն բացահայտ սահմանադրական խախտումների կամ ընտրությունների վերացման միջոցով, այլև ընտրական գործընթացների ֆորմալ պահպանման պայմաններում։ Երբ մեկ քաղաքական ուժ կամ առաջնորդ երկար տարիներ վերահսկում է պետական համակարգը, քաղաքական մրցակցությունը, ինստիտուցիոնալ հակակշիռները և իշխանության փոփոխելիության մշակույթը աստիճանաբար թուլանում են։

Հետևաբար, Հունգարիայի նոր որոշումը կարելի է դիտարկել որպես ժողովրդավարության ինստիտուցիոնալ ինքնապաշտպանության միջոց, որի նպատակն է կանխել մեկ անձի կամ քաղաքական խմբի չափազանց երկարատև գերիշխանությունը՝ նույնիսկ ընտրական լեգիտիմության պայմաններում։

Այս համատեքստում Հայաստանի քաղաքական զարգացումները, ցավոք, շարժվում են հակառակ ուղղությամբ։ Վերջին տարիներին Հայաստանում հետևողականորեն թուլացել են ժողովրդավարական հակակշիռները։ Խորհրդարանը գործնականում հայտնվել է իշխանության վերահսկողության տակ, իսկ դատական և իրավապահ համակարգերը դարձել են քաղաքական հաշվեհարդարի գործիքներ։ Քաղաքական դաշտում ստեղծվել է անտագոնիստական միջավայր, որտեղ իշխանությունը հաճախ նույնացվում է պետության հետ, իսկ քաղաքական ընդդիմախոսները ներկայացվում են որպես սպառնալիք։

Սա այն ճանապարհն է, որով ձևավորվում է կայուն ավտորիտարիզմ՝ առանց բացահայտ բռնապետության։ Ժողովրդավարական ինստիտուտները պահպանվում են ձևով, սակայն աստիճանաբար զրկվում են բովանդակությունից։ Հայաստանը շարունակում է իշխանության կենտրոնացման և անձնիշխանության ամրապնդման գործընթացը, ինչը վտանգավոր ճանապարհ է կայուն ավտորիտարիզմի ձևավորման համար։