ՔՊ-ական պատգամավորը դատապարտել է Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը

Ամիրյան փողոցում, որտեղ ընթանում էր Քաղաքացու օրվա առիթով Նիկոլ Փաշինյանի ազդարարած խորոված փարթին, ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձել է Արցախում հայկական մշակութային ժառանգության ավերմանը։

Պատգամավորը նշել է, որ այս գործողությունը պետք է արժանանա միջազգային արձագանքի։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ճշտել, թե որքանով է վնասվել մշակութային ժառանգությունը։

«Եթե Մայր տաճարն են վնասել, դա արդեն ունի իր գնահատականը, քանի որ մշակութային ցանկացած արժեք, անգամ քարի կտոր, ամբողջ աշխարհում պաշտպանվում է։ Դրա համար կան համապատասխան ինստիտուտներ՝ ՅՈւՆԵՍԿՕ եւ այլ կառույցներ։ Միջազգային հեղինակավոր կազմակերպությունները պետք է պայքարեն նման գործողությունների դեմ»,- ասել է Սուքիասյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարի ավերմանը։

Այս հայտարարությունը հակադրվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախորդ հայտարարությանը, որը կայացել էր կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում։ Փաշինյանը նշել էր, որ կառավարությունը չի պատրաստվում պետական մակարդակով միջազգային քննարկման առարկա դարձնել Ստեփանակերտի եկեղեցու ավերման փաստը։