Վերջին շաբաթներս անցկացրել եմ մեր հայրենիքի տարբեր մարզերի գյուղերում։ Այս շրջագայության ընթացքում ես ցանկանում եմ կիսվել իմ տպավորություններով, որոնք, ես համոզված եմ, շատ կարևոր են մեր երկրի ներկայիս իրավիճակի և մեր ապագայի համար։
Մարդիկ ցանկանում են փոփոխություն։ Նրանք տեսնում են, որ տարիներ շարունակ կուտակված խնդիրներն անպատասխան են մնում։ Ոչ ոք ո՛չ է փորձում լուծել այդ խնդիրները, ո՛չ էլ խոսում մարդկանց հետ, թե ինչպես կարելի է դրանք հաղթահարել։
Իմ համոզմամբ, մարդկանց 80-90 տոկոսի դժգոհությունները ճիշտ կառավարման պայմաններում կարող են շատ կարճ ժամանակում լուծվել։ Պարզապես պետք է հասկանալ խնդրի էությունը և գտնել դրա համար ճիշտ լուծումը։
Մենք ունենք փայլուն ժողովուրդ՝ աշխատասեր, ազնիվ և իրոք հպարտ։ Սակայն դժվար կյանքը, անվստահությունը և այն հանգամանքը, որ իրենց խնդիրներին լուծում տվող չկա, կոտրում են մարդկանց սրտերը։ Գյուղացին մենակ է մնացել իր պրոբլեմների հետ։ Սա անթույլատրելի է։
Այս զրույցների ընթացքում մարդիկ բարձրացնում են նոր հարցեր, որոնք անպայման պետք է ներառվեն մեր ծրագրերում։
Ես ուզում եմ նշել, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ծրագիրը, որը կոչվում է «Առաջարկ Հայաստանին», ստեղծվում է բոլորովին այլ կերպ, քան սովորական քաղաքական ծրագրերը։ Այն ոչ թե գրվում է փակ սենյակներում, այլ հակառակը՝ մենք գնում ենք ժողովրդի մոտ, գնում ենք գյուղեր, քաղաքներ, լսում ենք մարդկանց՝ իրենց հոգսերը, խնդիրները, նույնիսկ՝ լուծման առաջարկները։ Այնուհետև մասնագետներն այն ամենը ի մի են բերում և ներկայացնում են որպես մեր ծրագրի մաս։
Հիմա ժողովուրդը խնդրել է իմ ուշադրությունը հանգեցնել մի քանի հարցի։
Առաջինը՝ վարկերի հարցն է։ Մարդիկ խիստ անհանգստացած են։ Չկա ընտանիք, որը վարկեր չունենա, որոնց տոկոսները տարիներով մուծում են, բայց մայր գումարին հերթը հազիվ է հասնում։ Այս խնդիրը պետք է լուծվի։ Ի վերջո, բանկերը պետք է ծառայեն մեր քաղաքացուն, ոչ թե քաղաքացին՝ բանկերին։
Երկրորդը՝ գյուղմթերքի սպառման ճակատագիրն է։ Քաղաքի կաբինետներում ասում-խոսում են, նկարահանումներ են անում, բայց գյուղացին անհանգիստ է, թե ԵԱՏՄ-ի հետ հնարավոր խնդիրների դեպքում ի՞նչ է լինելու իր բերքի հարցը։ Նրանք վարկեր են վերցրել, այգիներ են դրել, ջերմոցներ են կառուցել, հիմա սկսել են բերք ստանալ, և սրտերում վախ կա, որ եթե քաղաքական խնդիրներ սկսվեն, էլի´ առաջինը գյուղացին է կտուժի։
Երրորդը՝ տաքսիստների բալային համակարգն է։ Ճիշտ չէ, որ բոլորի համար սահմանվի նույն բալային համակարգը։ Մարդը առավոտից իրիկուն տաքսի է քշում, արդար քրտինքով իր տունն է պահում, և մենք մի ստից խախտման համար էդ մարդուն դնում ենք անելանելի վիճակում։ Տաքսիստների և ընդամենը տնից աշխատանքի գնացողների բալային համակարգը չի կարող նույնը լինել։
Չորրորդը՝ Երևանում սուր խնդիրը գույքահարկն է։ Անազնիվ օրենք է, որը պետք է փոխվի։ Մեր թիմը կոնկրետ առաջարկով է հանդես գալու։
Մենք շարունակելու ենք մեր ճանապարհը՝ շրջելով գյուղերում, քաղաքներում, բակերով, տներով, խոսելով մարդկանց հետ, լսելով, ձևակերպելով խնդիրները և միասին գրելով մեր առաջարկը Հայաստանին։