Հայաստանում Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի անվտանգության հարցը, որտեղ թաղված է մոտ 1000 տոննա վտանգավոր թափոն, մնում է անպատասխան՝ պետական մարմինների կողմից։
Այս հարցը դարձել է ակտուալ, երբ 1970-ականներին Հայաստանում արգելվեցին վտանգավոր քլորօրգանական պեստիցիդները։ 1980-ականների սկզբին դրանք թաղելու համար Հայաստանում հատուկ տարածք էր առանձնացվել, որը, սակայն, պարզվեց, գտնվում էր սողանքային գոտում։
Գերեզմանոցի հետ կապված ներկայիս իրավիճակը պարզաբանելու նպատակով մենք 4 հարց ուղարկեցինք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ Հարցերն առնչվում էին գերեզմանոցի անվտանգության վիճակին, թափոնների արտահոսքի և հնարավոր վնասի մասին, վերջին ստուգման ժամկետին և թափոնների ոչնչացման ծրագրերին։
Տեսչական մարմինը պատասխանել է միայն մեկ հարցին՝ հայտնելով, որ Նուբարաշենի գերեզմանոցում ստուգում իրականացվելու փաստ չի գրանցվել։ Մյուս հարցերը մարմինը վերահասցեագրել է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանին, իսկ նա՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին։
Նախարար Խուդաթյանը մեր հարցերին պատասխան չի տվել, իսկ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ պահանջվող տեղեկատվությունը դուրս է նրանց լիազորությունների շրջանակից։
Հիշեցնենք, որ գերեզմանոցում պահվող վտանգավոր թափոնների ընդհանուր ծավալը կազմում է մոտ 1000 տոննա, որից 600 տոննան՝ քիմիական նյութեր է, հավաքագրված տարբեր գյուղերից։ Այս գերեզմանոցը գտնվում է «Էրեբունի» արգելոցից ընդամենը 100-150 մետր հեռությամբ, որտեղ պահպանվում է վայրի ցորենի հազվագյուտ տեսակ։